Վարչապետն ասել ա, թող ինքն էլ տա. բանկերը շարունակում են արմավիրցիներից վարկերը պահանջել
Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմալյանը, ով 2,5 հա տարածք հող է մշակում և Արմավիրում տեղացած կարկուտի պատճառով մեծ վնասներ է կրել, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առևտրային բանկերը, որոնցից իրենք վարկեր են վերցրել հողերը մշակելու համար, շարունակում են պահանջել իրենց տոկոսները՝ հաշվի չառնելով կառավարության որոշումը, ըստ որի «վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով»:
Նշենք, որ վերը նշված որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիրում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արդյունքում։
«Վարչապետն ասում ա, որ բանկերը սառեցնում են երեք տարով, բայց բանկի տերերը գալիս են մեր տներ և ասում, որ նման բան չկա, իրենց փողերը պիտի տանք, ֆսյո, տոկոսներն են ուզում: «Ֆինկան», «Կոնվերս բանկը», «Արդշինինվեստբանկը», բոլորն էլ նույնն են ասում: Ասում են՝ դա մեր վրա չի ազդում, վերցրել եք, բերեք մուծեք, իսկ իշխանություններն ուրիշ բան են ասում, մարդ չի հասկանում, թե դա ոնց ա լինելու»,- ասաց արմավիրցին՝ մտահոգություն հայտնելով, թե ինչպես պետք է իրենք տան այդ գումարները, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ բերք ունեն, ո՛չ էլ ապրուստի միջոց:
«Էն օրն էլ վարչապետն էր մեր գյուղում, մարդկանց հետ զրուցում էր, ասում էր՝ էս կանենք, էն կանենք, բայց բանկերն ասում են բերեք մեր փողերը մուծեք, վարչապետն ասել ա, թող ինքն էլ տա: էդ փողերը մերն են, վարչապետինը չեն»,- ավելացրեց նա՝ ընդգծելով, որ ինչ անում են, իշխանությունների օգտին են անում, ժողովրդի օգտին ոչ մի բան էլ չեն անում:
Անդրադառնալով կառավարության այն որոշմանը, թե սոցիալապես անապահով ընտանիքներին նախնական կտրամադրվի 50 000-ական դրամ՝ արմավիրցի հողագործն ասաց, որ միշտ էլ այդ անապահով ընտանիքները կային, կարկուտը խփեր, չխփեր, նրանց պետք է օգնեին, իսկ ովքեր գումար են ծախսել, կոնկրետ ինքը 10 000 դոլարի վարկ ունի և 2 մլն դրամ ծախս է արել, ի՞նչ պետք է անի. «Հիմա ո՞վ է անապահով»,- հարցրեց նա:
Այս հարցի շուրջ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առևտրային բանկերի հետ իրենք դեռ բանակցությունների մեջ են:
Արմավիրցի մեր զրուցակիցը բարձրաձայնեց նաև նաև մեկ այլ խնդիր: Այն, որ կարկուտից տուժած գյուղացիներին պետությունը տարբեր տեսակի սերմեր է բաժանում, չի գոհացնում նրանց: «Սերմերը տվել են, ով ուզել ա, տվել են, բայց էդ սերմերը տարվա էս ժամանակահատվածում ի՞նչ անենք: Արդեն ուշ ա սերմերի համար, հիմա ցանենք, ե՞րբ լինի, աշնանը թթու պետք ա վաճառենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ամենը զուտ խաբեբայություններ են:










