Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն նախագահների հանդիպման հարցը. Մամեդյարով
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն՝ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
Նա լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Լոնդոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրանց հետ քննարկել 2 երկրների նախագահների առաջիկա հանդիպման հարցը։
«Նախագահների հանդիպման նպատակը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ հարցերի քննարկումը։ Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք նախագահների հանդիպման կազմակերպման հարցը»,-ասել է նա։
Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ պաշտոնական հանդիպումների մասին իրենք կտեղեկացնեն պատշաճ ժամկետներում։










