Իրենց իրավունքները պաշտպանող ազատամարտիկների թիվը շատանում է. մոտ 400 ազատամարտիկ կմասնակցի առաջիկա հանրահավաքին

12:35 • 10.06.13

Հունիսի 16-ին՝ ժամը 18-ին, ազատամարտիկները հանրահավաք են հրավիրում Ազատության հրապարակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ազատամարտիկ Խաչատուր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ հանրահավաքին մասնակցելու է շուրջ 300-400 ազատամարտիկ:


«Կամաց-կամաց շատանում ու մեզ են միանում այն ազատամարտիկները, որոնց իրավունքները մեր երկիրը ոտնահարվում են»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ մարտական ուղի անցած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ ազատամարտիկները մայիսի 11-ից մի քանի օր շարունակ նստացույց արեցին Ազատության հրապարակում՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները և զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը։ Նրանք այդ պահանջները նամակի տեսքով ներկայացրին կառավարությանը, սակայն դեռ հստակ և բավարար պատասխան չեն ստացել։ Երկրորդ անգամ ազատամարտիկները նստացույց անցկացրին վերջերս՝ հունիսի 4-7-ը: Վերջին օրը նրանցից մի քանիսին ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Tert.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել էր, որ վարչապետը իրենց պահանջները լսելուց հետո ասել է՝ մեկ ամիս հետո կհանդիպենք, և կոնկրետ առաջարկություններով կխոսենք։


Այս առիթով Խաչատուր Թովմասյանն ընդգծեց, որ վարչապետի հետ իրենց հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել, և իրենք արդյունքներից դժգոհ են:


«Իրենց մոտ սովորական երևույթ է մարդկանց լավ խոսքերով կամ փափուկ բարձով ճանապարհ դնել: Վարչապետին չենք հավատում, մարդը իր գործով է ապացուցում, ոչ թե խոսքով: Մենք շատ ենք հավատացել, արդեն 20 տարի անցել է: Մենք սպասողական դրության մեջ ենք, և մենք սպասել ենք այսքան տարիներ, որ մեզ համար ինչ-որ մի բան լինի, բայց հասկանում ենք, որ մեր գործը ուշադրությունից դրված է կիլոմետրերով դուրս»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենք նույնիսկ մեկ ամիս սպասելու ժամանակ չունեն:


Հարցին, թե արդյոք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կապվե՞լ են իրենց հետ ու պատրաստակամություն հայտնել մասնակցել հանրահավաքին, նա ասաց, որ ոչ, միաժամանակ նշելով, որ իրենք միայն ուրախ կլինեն, եթե աջակիցների թիվը մեծանա:


«Բայց մենք այսօր չենք տեսնում այն ուժերին, որ մեր հարցերի շուրջ իրենց ելույթներում մեր շահերը պաշտպանեն: Բոլորը չեզոք դիրք են ընդունում, ասում են՝ «կգանք էս կանենք, կգանք էն կանենք»,- ասաց նա: