Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի ուշանա. Մորնինգսթար
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցն ԱՄՆ հաջող էր, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Մորնինգսթարն ասել է, որ Մամեդյարովն արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
«ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը»,-ասել է Մորնինգսթարը։
Նա նշել է, որ Ջոն Քերին ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Մորնինգսթարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կկայանա։ «Ես չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը, սակայն մենք հույս ունենք, որ նման հանդիպումը երկար սպասեցնել չի տա, այն կախված է երկու նախագահներից»,-ասել է Մորնինգսթարը։
Այսօր ավելի վաղ Մամեդյարովը հայտնել էր լրագրողներին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն՝ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։










