Արքայազն Չարլզի կինը դարձել է Աբերդինի համալսարանի առաջին կին ռեկտորը
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլան, դարձել է Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին։
Պարբերականը նշում է, որ առաջին անգամ է նման պատվի կին արժանանում։ Բացի այդ, նախկինում բրիտանական թագավորական ընտանիքի ոչ մի անդամ չի զբաղեցրել նման պաշտոն։
Կամիլայի ընտրվելու մասին հայտնի է դարձել փետրվարին, սակայն պաշտոնական արարողությունը կայացել է միայն այժմ։ Արարողության ժամանակ դքսուհին խոստովանել է, որ շատ զգացված է նման որոշումից, և դա մեծ պատիվ է իր համար։
Արքայազն Չարլզի կինը կատակով հավելել է, որ դարձել է Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկի ռեկտոր, չնայած որ լքել է դպրոցը 16 տարեկան հասակում։
Կամիլայի առաջին պարտականությունն է դարձել 6 պատվավոր դիպլոմների հանձնումն արվեստի, իրավաբանության, բժշկության և սպորտի ոլորտներում։










