Տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-փառատոն
Երևանի «Էրեբունի» թանգարանի տարածքում վաղը՝ հունիսի 12-ին, տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները կներկայացնեն հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսականի։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը և «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը։
Իսկ «Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Աղասի Խանջյանի համանուն կտավի ազդեցությամբ։
Խոսելով փառատոնի նպատակների մասին՝ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ իրենց նպատակն է ցույց տալ ազգային խոհանոցը, ինչպես նաև մոռացված ուտեստները վեր հանել, քանի որ օրինակ՝ մշոշ, մախուխաբու, և այլ ավանդական ուտեստները գրեթե մոռացված են։ Մինչդեռ հայկական ավանդական կերակուրներից յուրաքանչյուրը մի իմաստ է ունեցել։
«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի մուտքն անվճար է լինելու, բայց ուտեստները՝ վճարովի։ Մամուլյանի փոխանցմամբ՝ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով։
«Փառատոնի ընթացքում ամեն սեղանի մոտ կլինեն ուսանողներ, որոնք կբացատրեն, թե իրենց պատրաստած ուտեստներն ինչից են բաղկացած և ինչ խորհուրդ ունեն»,- ասաց նա և ավելացրեց, որ փառատոնին ներկայացվելու է 13 տոն՝ համապատասխան կերակրատեսակներով։ Վերջում խոհարարները շուրջպար են բռնելու։
«Մենք պետք է այդ տոնի ժամանակ կարողանանք փոխադարձ զգացմունքներ արտահայտել, սա շատ կարևոր փառատոն է, և մենք դիմել ենք նախորդ գումարման ԱԺ-ին, որպեսզի հունիսի 12-ը նշվի հայ խոհարարի օր»,- ասաց Սեդրակ Մամուլյանը։
ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանն էլ ասաց, որ այսօր խնդիր կա ավանդականը վեր հանելու, և այս նախաձեռնությունը միտված է հենց այդ խնդրին։










