Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է. ուկրաինացի գործիչ
Ուկրաինայի քաղաքական, հասարակական գործիչ Լարիսա Սկորիկը, անդրադառնալով Ուկրաինայի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, հայտարարել է, որ ինքը ցեղասպանության ճանաչմանը երկար է սպասել, տեղեկացնում է Analitika.at.ua-ը։
Նա նշել է, թե այն փաստը, որ օրինագծի հայ հեղինակները երկու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, խոսում է այն մասին, որ առկա է հարցի կարևորության առավելագույն գիտակցություն։
«Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։ Պատմության դասերն անտեսել չի կարելի։ Այդ ծանր օրերին եղել են մարդիկ, ովքեր փորձել են կոտորածներից փրկել հայ երեխաներին, նրանց վերցրել են թուրքական ընտանիքներ։ Նման բաները ևս պետք չէ մոռանալ։ Համոզված եմ, որ այսօր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է»,-ասել է ուկրաինացի գործիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադա էր ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ. դրա հեղինակը հայ պատգամավորներ Արսեն Ավակովն ու Վիլեն Շատվորյանն են։










