Գերմանիան կարող է ընդունել մոտ 10.000 սիրիացի փախստականի. ՄԱԿ

17:48 • 11.06.13

Գերմանիան կարող է ընդունել Սիրիայից մոտ 10.000 փախստականի, Ժնևում ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով վարչության (ՓՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը, գրում է rosbalt.ru-ն։

 

Էդվարդսը նշել է, որ վարչությունը համապատասխան բանակցություններ է վարում Գերմանիայի իշխանությունների, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։

 

«Առաջնային է մնում փախստականներին ապաստանի տրամադրումը մերձավորարևելյան շրջանում։ Սակայն մենք կարևոր ենք համարում այն, որ այս շրջանից դուրս գտնվող երկրները համերաշխություն ցուցաբերեն ճգնաժամին առավել ենթակա պետությունների նկատմամբ»,- ասել է Էդվարդսը։ Փախստականների մեծ մասը ցանկանում են վերադառնալ հայրենիք, ավելացրել է նա։

 

Ներկայում Սիրիայի փախստականների թիվը մոտ 1,6 մլն է։ Փորձագետները կարծում են, որ մինչ 2013թ. ավարտն այդ թիվը կարող է կազմել 3,5 մլն։