Փլուզվել է Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը

08:43 • 11.06.13

Այս գիշեր փլուզվել է Վրաստանի խորհրդարանի՝ Քութաիսիում գտնվող նոր շենքի տանիքը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Պատճառը եղել է հրշեջ խողովակի վնասումը, որից եկած ջուրը քանդել է գիպսաստվարաթղթե պատը, պատմել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Զուրաբ Մարակվելիձեն։ Նրա տվյալներով՝ տուժածներ չկան։

 

Շենքի վնասված հատվածի վերականգնումը կսկսվի առավոտյան, տեղեկացրել է Մարակվելիձեն։

 

Մայիսի վերջին Վրաստանի արդարադատության նախարարության պետական աուդիտի ծառայությունը հայտնել էր, որ Քութաիսիում խորհրդարանի նոր շենքի կառուցումը տեղի է ունեցել առանց համապատասխան թույլտվության։ Բացի այդ, շինարարության ընթացքում չի տրվել ինժեներա-երկրաբանական գնահատական և չի արվել հիմքի և այլ հիմնական կառույցների փորձաքննություն։

 

Ընդհանուր առմամբ, շենքի կառուցման համար ծախսվել է մոտ 340 մլն լարի (շուրջ 205 մլն դոլար)։ Խորհրդարանի շենքը Թբիլիսիից Քութաիսի էր տեղափոխվել 2012թ.-ին։