Նույն Մարգարյան Տարոնն եմ մնացել, որն աշխատել է ի շահ երևանցիների և Երևանի համար. Երևանի քաղաքապետ

15:45 • 11.06.13

Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երդման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հավատացրեց, որ պաշտոնավարման տարիներին մեծ ձեռքբերումներ և կորուստներ չի ունեցել և մնացել է նույն Մարգարյան Տարոնը:


«Ընտրվելու և վերընտրվելու ընթացքում, նույն Մարգարյան Տարոնն եմ մնացել, որն աշխատել է ի շահ երևանցիների և Երևանի համար»,- ասաց նա:


Պաշտոնավարման 4 տարիների անելիքների առաջնահերթությունն ըստ Տարոն Մարգարյանի`արտացոլված է իրենց ծրագրում, որտեղ ընդգրկված բոլոր հարցերը նա նշեց, որ համարում է առաջնային:


Թե ինչպես է վերաբերվում «Բարև երևան» դաշինքի բոյկոտին` Տարոն Մարգարյանը նշեց. «Դա նրանց իրավունքն է, եթե առաջին նիստին գալիս են, երկրորդին չեն գալիս, սպասենք երրորդ, չորրորդ նիստերին»:


Դիտարկմանը, թե ինչպես է Տարոն Մարգարյանը վերաբերվում այն պնդումներին, որ նախագահը քաղաքապետ է ընտրել իրեն միայն նրա համար, որ նրան կառավարելը հեշտ է, պատասխանեց. «Ես ՀՀԿ անդամ եմ և այստեղ հանդես եմ գալիս մեր թիմի համաձայնությամբ, մեր թիմն այն մարդկանցից է ձևավորված, որը պատրաստ է երևանցու և Երևանի համար ամեն ինչ անել»:


Լրագրողներից մեկի հարցադրմանը, թե կարելի՞ է ասել, որ քաղաքապետի պաշտոնի վերընտրմամբ ՀՀԿ-ում սերնդափոխության հիմքեր դրվեցին, Տարոն Մարգարյանը ուղղեց. «Ես այս առաջին անգամ չեմ ընտրվում, սա 4-րդ անգամ է, երկու անգամ Ավանի ղեկավար, մեկ անգամ քաղաքապետի տեղակալ, երկու անգամ էլ քաղաքապետ: Նորմալ իր հունով գնում է»:


Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչպես է նա կուտակել իր եկամուտները: «Ես այդ հարցին պատասխանել եմ արդեն»,- նշեց նա: