ԱՄՆ Գերագույն դատարանի հակահայկական որոշումը. Մեծ Եղեռնի զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու մասին օրենքը չի վերանայվի

10:40 • 11.06.13

ԱՄՆ Գերագույն դատարանը երեկ հայտարարել է, որ քննության չի առնի և չի վերանայի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որով չեղյալ էր հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու ժամկետը երկարաձգելու մասին Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր մարմնի օրենքը:


Հիշեցնենք, որ ավելի քան տասը տարի առաջ՝ 2000թ-ին, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Կոնգրեսը (օրենսդիր մարմինը) ընդունել էր օրենք, որը նահանգի դատարաներին թույլ էր տվել քննության առնել1875-1923թթ. Եվրոպայում և Ասիայում հայերին վաճառված ապահովագրական պոլիսների (ապահովագրական պայմանագրի հիմնական դրույթներ ապրունակող վկայագիր) համար փոխհատուցում պահանջելու առնչությամբ հայցերը: Տարիներ անց Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը երկարաձգել էր օրենքի վաղեմության ժամկետը: 2012թ. փետրվարին, սակայն, ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել այդ օրենքը՝ պատճառաբանելով, որ «նահանգային դատարաններն իրավունք չունեն որոշումներ կայացնելու այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների վրա, տվյալ դեպքում` խոչընդոտել Թուրքիայի հետ արտաքին  հարաբերությունների զարգացումը»:



Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միջնորդագիր էր ներկայացրել Գերագույն դատարան՝  կոչ անելով քննության չառնել և չվերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը:

 

Դատարանի որոշումն առաջացրել է ամերիկահայ համայնքի զայրույթը. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of America)`ԱՄՆ կառավարության հետ հարցերով պատասխանատու Քեյթ Նահապետյանը իր խորը մտահոգությունն է հայտնել ԱՄՆ Գերագույն դատարանի հակահայկական որոշման առնչությամբ և նշել է՝ «իրենք շարունակելու են պայքարել այնքան, մինչև հասնեն օրենքի վաղեմության ժամկետի երկարաձգմանը»:

 

«Այսօր Թուրքիայի Հանրապետությանը թույլ տրվեց հարված հասցնել լավ օրենքներ ընդունելու ու կիրառելու և լավ նպատակներ կյանքի կոչելու մեր պետության սկզբունքներին»,-հայտարարել է ամերիկյան Փաստաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Գարո Ղազարյանը:

 

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է. այն իրականացվել է 1915-1923թթ-ին՝ Օսմանյան կայսրության և Քեմալական Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն: Թուրքիայի իշխանությունները, սակայն, առ այսօր ոչ միայն կտրականապես հերքում են Առաջին աշխարհամարտի տարիներին 1,5 մլն հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները, այլև հնարավոր ամեն ինչ անում են՝ մյուս պետությունների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը և դատապարտումը խոչընդոտելու համար: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը, դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:

 

Մեծ Եղեռնի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու գործընթացը նախաձեռնել են ԱՄՆ-ում հայտնի փաստաբաններ Մարկ Գիրագոսը և Վարդգես Եղիայանը՝ 2000-ականների սկզբին: