Հույն լրագրողները գործադուլ են հայտարարել՝ պետական հեռուստաընկերության փակման պատճառով
Հույն լրագրողների արհմիություններն առավոտյան ժամը 6-ից 24-ժամյա գործադուլ են հայտարարել՝ ի նշան Հունաստանի պետական ռադիոյի և հեռուստաընկերության (ERT) փակման դեմ բողոքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը երեքշաբթի հայտնել էր, որ պետական հեռուստաընկերությունը փակվում է «ոչ թափանցիկ և ծախսատար» լինելու համար, իսկ 2.600 աշխատակիցներն էլ աշխատանքից կազատվեն։
ERT-ի փոխարեն կառավարությունը պատրաստվում է ստեղծել նոր հեռուստաընկերություն ու ռադիո։ Ի դեպ, կոալիցիոն կառավարության երեք կուսակցություններից 2-ը, ինչպես նաև ընդդիմությունը նման որոշմանը դեմ են հանդես եկել։
Լրագրողները պատրաստվում են կեսօրին բողոքի ակցիա անցկացնել հեռուստաընկերության շենքի մոտ։
Ավելի վաղ կառավարությունը մեղադրել էր լրագրողներին իրեն ուղղված քննադատության համար։










