Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

19:00 • 17.06.13

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին:


Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության , Բակո Սահակյանի ուղերձում ասվում է հետևյալը.


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման և հետագա զարգացման գործին:


Արցախում բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և համոզված ենք, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր երկու բարեկամ ժողովուրդների ավանդական կապերը` մեծապես նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և մեր երկրների զորացմանը:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ` այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում, իսկ Իրանի ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»: