ԵԱՀԿ-ի նախագահը հնարավոր է՝ չեղյալ հայտարարի Հարավային Կովկաս կատարելիք այցը. ուկրաինական մամուլ

09:47 • 17.06.13

«Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հնարավոր է՝ չեղյալ հայտարարի սառեցված հակամարտությունների կարգավորմանը նվիրված հարավկովկասյան շրջայցը, որը նախանշված էր հունիսի վերջին»,-գրում է ուկրաինական «Զերկալո նեդելի» շաբաթաթերթի կայքը՝ Zn.ua-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

 

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Ուկրաինայի արտգործնախարար, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի հատուկ ներկայացուցիչ (հակամարտությունների հարցերով) Անդրեյ Դեշիցան հայտարարել էր, որ Կոժարան հաջորդ շաբաթ (այսինքն այս շաբաթվա ընթացքում-Tert.am) այցելելու է Հարավային Կովկաս, տարածաշրջանում առկա հակամարտությունների հարցը քննարկելու: «Այցի գլխավոր նպատակն է լինելու Լեռնային Ղարաբաղի, հարավօսական (1980- ականների վերջից, Վրաստանի և չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության միջև-Tert.am) և աբխազական (1980- ականների վերջից, Վրաստանի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության միջև-Tert.am) հակամարտությունների քննարկումը»,-նշել էր նա:


Zn.ua-ն գրում է, որ Կոժարայի այցը տարածաշրջան կարող է չեղյալ հայտարարվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդ վերցնելու պատճառով: « Zn.ua-ի տվյալներով՝  այցը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս արձակուրդ է մեկնում  (ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը հունիսի 12-ին կարճատև արձակուրդ է  վերցրել-Tert.am),-նշում է կայքը:-Կոժարան հնարավոր է՝ հրաժարվի Հայաստան և Ադրբեջան այցից, եթե այդ երկրների ղեկավարների հետ հանդիպում չկազմակերպվի»:

 

 Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2013թ. հունվարին՝ հայտարարելով, որ իր նախագահության առաջնահերթություններից մեկը ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումն է:


«ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում ԼՂ հարցի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը «հավասարակշռությունը չխախտելն է»,-ընդգծում է Zn.ua-ն:-Կիևը նաև առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել: Ընդ որում՝ ինչպես նշում են Ուկրաինայի ԱԳՆ-ից, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի «պայթման» սպառնալիքի մակարդակը բավական բարձր է»:

 

Ավելացնենք միայն, որ Կոժարան, հարավկովկասյան այցին ընդառաջ՝ հունիսի 14-ին, հանդիպել էր ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին(Ռուսաստան), Յան Քելիին(ԱՄՆ), Ժակ Ֆորին(Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի տարածաշրջանային այցի կազմակերպմանն առնչվող հարցեր:

 

Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցում են 1992թ-ից: