Բարաք Օբաման Պուտինին «թույլ չի տվել» սպորտդահլիճ գնալ

11:45 • 17.06.13

Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջ է անցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ով ցանկացել է սպորտով զբաղվել և նրանից առաջ է ամրագրել հյուրանոցի սպորտդահլիճը:


Ինչպես հաղորդում է ռուսական Взгляд կայքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ մարզասրահում զբաղվելու փոխարեն ստիպված կլինի առավոտյան լողալ տեղի պաղ լճերից մեկում` Լոհ-Էրնեում:


Պարբերականի տեղեկություններով, թե՛ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացել են սպորտով զբաղվել հանգստյան տան սպորտդահլիճում և համապատասխան հայտ են ներկայացրել: Սակայն ամերիկացիներն ավելի արագ են գտնվել և Պուտինը ստիպված է եղել զիջել:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկելու է «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը կմեկնի երկուշաբթի առավոտյան: Նշվել էր, որ նա որոշ ժամանակ մնացել է Լոնդոնում, քանի որ բրիտանական կողմը պատրաստ չի եղել կիրակի ընդունել G8 երկրների ղեկավարներին` ինչպես պլանավորված էր եղել։


Գտնվելով Լոնդոնում` նա առիթից օգտվել և զրուցել էր բրիտանական տնտեսական շրջանակների ներկայացուցիչների և տեղական լրատվամիջոցների հետ: