Սանկտ Պետերբուրգում տեղացիներին հիմարեցրած հայազգի տղամարդ է ձերբակալվել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ձերբակալվել է հայազգի մի տղամարդ, ով, օգտվելով տեղացիների միամտությունից, նրանցից պարտքով գումար ու հեռախոսներ է վերցրել և այլևս չի վերադարձրել։
Ինչպես նշում է ntv.ru կայքը, պետերբուրգցի ոստիկանները պարզել են, որ 48-ամյա տղամարդը կանգնեցրել է ճանապարհով անցնող մեքենաները, վարորդներից գումար խնդրել և խոստացել դրա կրկնապատիկը վերադարձնել։ Միամիտ վարորդները նրան անվճար հասցրել են անհայտ մի հասցեով, ինչից հետո խարդախ ուղևորն իջել է մեքենայից և, խոստացված կրկնապատիկ գումարը չվերադարձնելով, անհետացել։
Նույն սխեմայով տղամարդը նաև բջջային հեռախոսներ է յուրացրել. մարդկանցից վերցրել է դրանք զանգահարելու համար, այնուհետ անհետացել։ Այժմ նրա դեմ գողության և խարդախության հոդվածներով քրեական գործ է հարուցվել։ Իրավապահները նշել են, որ տղամարդը նախկինում մի քանի դատվածություն է ունեցել։










