Սիրիայում զոհվել է 100.000 մարդ, իսկ 5 մլն մարդ փախստական է դարձել. Կարմիր խաչ
Սիրիայում երկու տարի շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է շուրջ 100.000 մարդ, իսկ մոտ 5 մլն մարդ փախստական է դարձել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ-ում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային ղեկավար Խուան Լուիս Կոդերկե Գալիգոն։
«Սիրիայում այժմ մոտ 4 մլն ներքին տեղահանված կա, ավելի քան 1 մլն փախստական ստիպված է եղել հեռանալ երկրից, մոտ 100 հազար մարդ զոհվել է, կան անթիվ վիրավորներ»,-ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը Մոսկվայում ընթացող «Նոր պատերազմներ. իրավիճակը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ հազարավոր մարդիկ ձերբակալվել են, հազարավորներն անհետ կորած են համարվում։
Սիրիայում հակամարտությունն իշխանության և ընդդիմության միջև շարունակվում է 2011թ.-ի մարտից։ Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 93.000 մարդ։










