Միակ ապացույցը այն է, որ հունվարի 8-ին Սամվել Հարությունյանը զանգել է ինձ. Վարդան Սեդրակյան (տեսանյութ)
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ինքը՝ Վարդան Սեդրակյանը՝ ասելով, որ մահափորձի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից։
Վարդան Սեդրակյանը նշեց, թե տեսնելով, որ մյուս նախագահի թեկնածուները հիվանդանոցում են, ինքը ևս շտապել է «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» բժշկական կենտրոն:
«Պալատի մոտ տեսա Բաղդասար Մհերյանին, մեզ ասացին, որ այդ պահին դեղեր են տվել, որ Պարույր Հայրիկյանը պետք է հանգստանա: Հնարավորություն չեղավ մտնել ներս, մաղթեցինք առողջություն և որևէ այլ բան ասել չեմ կարող, որովհետև կապ չունեմ: Նույնը ասել եմ նախաքննության ժամանակ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Երևանի Տպագրիչների փողոցում ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել:
Մահափորձն իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:
Դիմելով դատարանին՝ Վարդան Սեդրակյանը խնդրեց իր նկատմամբ խափանման այլ միջոց կիրառել և ազատել կալանքից, քանի որ մյուս երկու ամբաստանյալները հայտարարել են, որ ինքը կապ չունի և ինչպես ինը նշեց, միակ ապացույցն այն է, որ ես հունվարի 8-ին՝ ժամը 23:45-ին, Սամվել Հարությունյանը զանգել է իր հեռախոսահամարին:
«Եթե միակ ապացույցը սա է, ասեմ ավելին, որ հունվարի 6-ին եկել է մեր տուն ու շնորհավորել իմ նոր տարին: Քանի որ չկա որևէ լուրջ ապացույց իմ դեմ, խնդրում եմ փոխել խափանման միջոցը ու շարունակել դատական գործընթացը»,- ասաց նա և հայտարարեց, որ հրաժարվում է որևէ հարցի պատասխանել:
Այնուամենայնիվ, նա մեղադրող կողմի հնչեցրած որոշ հարցերի պատասխանեց: Դատախազ Արամ Ամիրզադյանը ներկայացրեց Վարդան Սեդրակյանի աշխատասենյակից առգրավված «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի վրա ներկայացված էին 2013թ-ին ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուները: Մեղադրողը նշեց, որ Պարույր Հայրիկյանի գլուխը շրջանի մեջ է վերցված է և, կարծես թե, սլաք է տարված: Նա հարցրեց, թե ինչ է դա նշանակում:
Ի պատասխան Վարդան Սեդրակյանը նշեց, որ օրինակ, բանտում հաճախ իրենք ուտելիքները դնում են թերթերի վրա և ընդամենը վերջերս կլորակի մեջ էր հայտնվել ՀՀ նախագահի դեմքը:
«Հաճախ էլ թերթերը այլ նպատակով են օգտագործվում, օրինակ` զուգարանում: Եվ ասեմ, թերթերի վրա շատ հաճախ են մարդիկ նշումներ անում, դա ոչ մի բանի մասին չի ասում և ծիծաղելի է դա որպես ապացույց ներկայացնել»,- ասաց նա:
Վարդան Սեդրակյանը նշեց, որ ինքը չի հասկանում, թե մյուս երկու ամբաստանյալները ինչո՞ւ են նման քայլի դիմել: «Տեսել են, որ գումար կա իմ մոտ, որոշել են հեշտ եղանակով գումար վաստակել»,- ասաց նա:
Դատարանի այն հարցին, թե որտեղից իրեն մեծ գումարներ և ինչպիսի ճանապարհով է վաստակել դրանք, Վարդան Սեդրակյանն ասաց, որ դա կապ չունի գործի հետ, սակայն ընդգծեց, որ խաղադրույքներ արել է, բայց սիրողական մակարդակով և ոչ մեծ չափերի:










