Թուրքիայում բախումները շարունակվում են. արհմիությունները գործադուլ են հայտարարել (թարմացված)

10:47 • 17.06.13

Թուրքիայի արհմիությունները որոշել են համազգային գործադուլ սկսել` այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելու ոստիկանության դաժան գործողությունների դեմ, որոնք իրականացվել են ցուցարարներին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով ցրելու ընթացքում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Գործադուլի նախաձեռնողները Թուրքիայի երկու խոշորագույն արհմիություններն են` KESK-ը և DISK-ը, որոնք երկրի իշխանություններից պահանջում են դադարեցնել «ոստիկանական բռնությունները»:

 

Արհմիությունները խիստ դժգոհ են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից, ով ցույցերն անվանել էր «փոքրամասնությունների կողմից մեծամասնության նկատմամբ լիազորություններ ստանձնելու փորձ» և արդարացրել էր ոստիկանության գործողությունները:

 

Գիշերն անկարգությունները Թուրքիայում շարունակվել են: Ամբոխը փորձել է ներխուժել Ստամբուլի Թաքսիմ հրապարակ: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Մի տղամարդ տուժել է ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով: Անկարայում ձերբակալվել է 70 մարդ: 

 

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկիզբ են առել Ստամբուլի Գեզի այգում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու թուրքական իշխանությունների որոշումից հետո:


12:29 Ստամբուլում ոստիկանության և ակտիվիստների բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է 193 մարդ, չնայած ոչ պաշտոնական տեղեկություններով՝  ձերբակալվածների թիվն անցնում է 350-ը։

 

Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալը», ձերբակալվածներից 22-ի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «անօրինական ցույցերի մասնակցելու կոչերի» և «բռնություն պարունակող միջոցառումներ կազմակերպելու» մեղադրանքներով։