Թուրքիայում իրավիճակը չի ապակայունանա. Էրդողանի մասին գրքի հույն հեղինակ

14:41 • 17.06.13

Իրավիճակը Թուրքիայում խիստ տարբերվում է Մերձավոր Արևելքի այլ երկրների իրավիճակից, և այն ապակայունացնել չի հաջողվի, կարծում է հույն լրագրող, գրող Վանգելիս Պապադոպուլոսը, ով նաև Էրդողանի մասին գրքի հեղինակ է։

 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նա չի բացառում, որ երկրում անկարգությունները կազմակերպվել են արտասահմանի դրդմամբ։

 

Պապադոպուլոսը լրագրող է աշխատում 50 տարի, նա Հունաստանի բազմաթիվ առաջնորդների ուղեկցել է արտերկրյա ուղևորությունների ժամանակ, իսկ վերջերս հրապարակել է գիրք «Ռեջեփ Թայիփ Էրդողան» վերնագրով։

 

«Ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես վարչապետը, ով վերընտրվել է մոտ 50% ձայներով, հանկարծ դարձավ զանգվածային ճնշումների կազմակերպիչ։ Դա էլ ենթադրել է տալիս, որ դրանք կազմակերպվել են այնպիսի ուժերի կողմից, որոնք չեն ցանկանում, որ Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնա, լուծի քրդական հարցը, որ Էրդողանը դառնա Թուրքիայի նախագահ»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Պապադոպուլոսը։

 

Նա վստահ է, որ Թուրքիայում իրավիճակը շուտով հանդարտվելու է։ «Եթե այդ իրադարձությունները
չհրահրվեն օտար ուժերի կողմից, ապա աստիճանաբար իրավիճակը կհանդարտվի, և խնդիրներ չեն լինի։ Եթե այդ իրադարձությունները հրահրվեն, ինչպես Եգիպտոսում, Լիբիայում կամ այլուր, Էրդողանը դժվարություններ կունենա, սակայն դրանք նրան չեն հաղթի։ Թուրքիան Եգիպտոս չէ, կամ Լիբիա»,-ասել է հույն լրագրողը։