Վահե Ավետյանի մահվան տարելիցի օրը «Հարսնաքարի» մոտ մոմավառություն կանցկացվի

16:21 • 17.06.13

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում, այս մասին հաղորդում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը՝ իր ֆեյսբուքյան էջում:


Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի մահը հասարակական լուրջ վրդովմունք առաջացրեց, և նրա մահվան ու քառասունքի օրվա կապակցությամբ բողոքի ակցիաներ ու մոմավառություններ էին անցկացվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց:


Նախաձեռնող խմբի անդամները ՀՀ քաղաքացիներին հորդորում են իրենց ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և «միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»:


Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը Tert.am–ին ավելի վաղ հայտնել էր, որ Նախախորհրդարանի անդամները, որոնց հիմնական մասը «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ են, արդեն երկուշաբթի օրը որոշած կլինեն, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում: