Վարդան Սեդրակյանը կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ. ամբաստանյալ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրկյանը ոչ մի կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ, այս մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող դատական նիստին հայտարարեց ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը:
Նա նշեց, որ հետագայում դատավարության ընթացքում ցուցմունք տալիս կասի, թե ինչու է Վարդան Սեդրակյանի անունը խառնվել գործին:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Երևանի Տպագրիչների փողոցում ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, որն իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Սամվել Հարությունյանը ևս հայտարարել էր, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի գործի հետ:
Այսօր դատարանը ուսումնասիրում է գործում առկա ապացույցները, որը ներկայացնում է դատախազ Արամ Ամիրզադյանը:










