Եթե Սիրիայում հակամարտությունը չդադարի, այն կտարածվի հարևան երկրներում. Ասադ
«Ժնև 2» կոնֆերանսի հաջողությունը մեծ հաշվով կախված է լինելու այն բանից, թե արդյոք դադարեցվելո՞ւ է Սիրիայում ահաբեկիչներին զենքի մատակարարումը։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։
Նա նաև հայտնել է, որ եթե Սիրիայում հակամարտությունը չդադարի, ապա այն կտարածվի հարևան պետությունների վրա, և իրավիճակը կվատանա ողջ տարածաշրջանում։
«Մենք կմեկնենք Ժնև և կբանակցենք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և նրանց ծառաների՝ Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ նրանք, ովքեր իրենց արտերկրի ընդդիմություն (սիրիական) են համարում, նրանց պաշտոնյաներն են»,-ասել է Սիրիայի առաջնորդը։
Ասադը նշել է, որ երկրները, որոնք աջակցում են ահաբեկչական խմբավորումների, փորձում են տապալել խաղաղ համաժողովը։
Դամասկոսում կարծում են, որ Ժնևի հանդիպումը կարող է կարևոր փուլ և երկխոսության սկիզբ դառնալ։
Նախագահի խոսքով՝ օրինական է այն ընդդիմությունը, որը «ձեռքը զենք չի վերցնում և կապված չէ ահաբեկչության հետ»։
«Ընդդիմությունը պետք է քաղաքական ծրագիր ունենա, որը նա կարող է հաստատել՝ մասնակցելով խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,-ասել է նա։
Անդրադառնալով Արևմուտքի պահանջին՝ պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, Ասադը հայտարարել է, որ նման քայլն այս պահին հավասար կլիներ ազգային դավաճանության։










