Երուսաղեմի համալսարանը դոկտորի աստիճան է շնորհել ահաբեկչության համար մեղադրվածին
Ահաբեկչության մեղադրանքով երկու անգամ դատապարտված Ադել Հիդմին Հրեական համալսարանում քիմիական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել, հայտնում է Корреспондент-ը։
2002թ. օգոստոսին Արևելյան Երուսաղեմի բնակիչ Ադել Հիդմին սկսել է աշխատել դոկտորական աշխատանքի վրա Հրեական համալսարանի քիմիայի ամբիոնում։ Դրանից 10 տարի առաջ՝ 1992-ին, նա դատապարտվել է 10-ամսյա բանտային կալանքի՝ ահաբեկչության մեղադրանքով։
2002-ին նրան են դիմել Ռամալլահի երկու բնակիչ՝ խնդրելով գտնել մի մարդու, ով պատրաստ կլինի Երուսաղեմի կենտրոնում ահաբեկչություն իրականացնել։ Հիդմին նրանց ծանոթացրել է մի մարդու հետ, ով կարող էր այդ խնդիրը լուծել։ Ահաբեկչությունն իրականացնելուց երեք օր առաջ կազմակերպիչները ձերբակալվում են Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց թվում նաև Ադել Հիդմին։ Վերջինս այդ ժամանակ դատապարտվում է 3 տարվա ազատազրկման։
Ազատվելուց հետո Հիդմին վերադառնում է իր աշխատանքին, սակայն բուհի ղեկավարությունն արգելում է նրան աշխատել համալսարանի քիմիական լաբորատորիաներում։
Դոկտորական աստիճանների շնորհման արարողության ժամանակ, որն անցկացվել է հունիսի 16-ին Հրեական համալսարանում, Ադել Հիդմին չի սեղմել ռեկտոր Մենահեմ Բեն Սասոնի ձեռքը, սակայն նրա անունը հնչել է 300 անունների թվում։










