Սաուդյան արքայազնը կարող է Մոսկվայում կառուցել աշխարհի ամենաբարձր երկնաքերը. ԶԼՄ-ներ

16:14 • 18.06.13

Սաուդյան արքայազն ալ-Վալիդ բեն Թալալ Ալ Սաուդը ՌԴ մայրաքաղաք Մոսկվան դիտարկում է որպես հնարավոր հարթակ աշխարհի ամենաբարձր երկնաքերը կառուցելու համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Էմիրությունների ԶԼՄ-ներին։

 

Նրա խոսքով՝ «ներկայում քննարկվում է 1.6 կմ բարձրությամբ երկնաքեր կառուցելու հնարավորությունը»։ Արքայազնը խոշոր մայրաքաղաքներին ու մեգապոլիսներին հրավիրել է մասնակցել երկնաքերի կառուցմանը։ Մոսկվայի մրցակիցներն են Շանհայը, Լոնդոնը և Նյու Յորքը։

 

«Հետաքրքրված կողմերը պետք է մեզ ներկայացնեն հարկային արտոնություններ և պետական աջակցություն»,- նշել է արքայազնը։

 

Տեղացի փորձագետների գնահատականներով՝ աշխարհի ամենաբարձր շենքը կառուցողները կբախվեն մի շարք դժվարլուծելի խնդիրների, այդ թվում՝ շենքի բարձր հարկերին ջուր մատակարարելը, ինչը չափազանց բարդ է տնտեսական և տեխնիկական տեսանկյունից։ Երկնաքերի արժեքը կհաշվարկվի միլիարդավոր դոլարներով։