Սերժ Թանկյանը միացել է Amnesty International-ի՝ Թուրքիայի իշխանություններին ուղղած պահանջներին

11:07 • 18.06.13

Հայազգի հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հերթական գրառումն է արել և միացել այդ հարցով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին։

 

«Այսօրվա Թուրքիան բևեռացված հասարակության տխուր իրականությունն է, որն աջակցություն է ստանում Արևմուտքի կողմից՝ որպես արևելյան «ժողովրդավարության» մոդել, որն ունի ուժեղ վերասկողություն մեդիայի վրա և ամենամեծ թվով լրագրողները բանտերում։ Թուրքիան սթափվելու լուրջ կարիք ունի, և հուսով ենք, որ դրա ժառանգորդները կլինեն հավասարությունը, արդարությունը, պատմական արտացոլումը՝ ճնշումների փոխարեն»,-գրել է Թանկյանը։

 

Amnesty International-ը ստորագրահավաք է սկսել, որի տեքստում նշվում է, որ մայիսի 31-ից մոտ 2.000 ցուցարարներ Թուրքիայում տուժել են արցունքաբեր գազի, ջրի շիթերի և նրանց ցրելու համար կիրառվող ուժի պատճառով։

 

Նրանք թուրքական իշխանություններից պահանջում են անհապաղ վերջ տալ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող բռնությանը, ապահովել խոսքի ազատության և ազատ հավաքներ իրականացնելու իրավունքը։
 

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև կոչ է անում ձեռնարկել արագ, ազատ և անաչառ հետաքննություն՝  անհամաչափ ուժ կիրառած պաշտոնյաներին բացահայտելու համար։
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս Սերժ Թանկյանը Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի կապակցությամբ գրառմամբ էր հանդես եկել։


«Զարմանալի չէ, որ առանց խտրականության լրագրողներին բանտ գցող ու 1,5 միլիոն հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իր ցեղասպանությունը հերքող կառավարությունն առանց հապաղելու ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- մասնավորապես գրել էր Թանկյանը:

 

Թուրքիայում ցույցերը սկիզբ են առել Ստամբուլի Գեզի այգում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու թուրքական իշխանությունների որոշումից հետո։