Բելգիայում կարող են թույլատրել մանկական էվթանազիան
Բելգիայի խորհրդարանը քննարկման է դրել նոր օրինագիծ, որը հնարավորություն է տալիս անչափահասներին սեփական կամքով հեռանալ կյանքից։ Այլ կերպ ասած՝ այն վերաբերում է երեխաների էվթանազիան օրինականացնելուն։
Ինչպես նշում է Euromag-ը, էվթանազիայի մասին օրինագիծն արդեն հասցրել է դժգոհության ալիք բարձրացնել հասարակական ու կրոնական կազմակերպությունների շրջանում, որոնք զանգվածային ցույցերի կոչ են անում։ Օրինագծի հաստատման դեպքում Բելգիան կդառնա աշխարհում առաջին պետությունը, որն օրինականացրել է մանկական էվթանազիան։ 2002թ. Բելգիան Նիդեռլանդներից հետո դարձել է աշխարհում 2-րդ երկիրը, որն օրինականացրել է մեծահասակների էվթանազիան։
Նոր օրինագծում խոսքը վերաբերում է անբուժելի հիվանդությամբ տառապող անչափահասներին, որոնց ցավերն անհնար է մեղմել։ Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ թեև օրինագիծը վիճահարույց է, այնուհանդերձ, այն կհաստատվի մոտ ժամանակները։
Այժմ Բելգիայում էվթանազիա հնարավոր է կիրառել միայն 18 տարեկանը բոլորած մարդկանց դեպքում, ովքեր գիտակից վիճակում են և կարող են գրավոր հաստատել իրենց որոշումը։ Էվթանազիան պետք է իրականացվի հիվանդի գրավոր դիմումից հետո 1 ամսվա ընթացքում։ Հիվանդը պետք է իմանա իր հիվանդության, դրա բուժման մեթոդների մասին։ Բացի այդ, օրինագիծը ենթադրում է, որ հիվանդները կարող են անվճար ցավազրկող դեղամիջոցներ ստանալ, որպեսզի այն մարդիկ, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն, էվթանազիայի չդիմեն՝ պարզապես անտանելի ցավին չդիմանալու պատճառով։










