Հրանտ Դինքի սպանության մեղադրյալներից մեկը կալանավորվել է

12:39 • 19.06.13

Ականավոր պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով 12 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Էրսին Յոլջուն ձերբակալվել է Տրապիզոնում և բանտ ուղարկվել, տեղեկացնում է «Ակօս»-ը։

 

Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը Յոլջուին դատապարտել էր ազատազրկման, սակայն վճիռը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարանում։

 

Ոստիկանությունը նրան ձերբակալելու ուղղությամբ աշխատանքներ է սկսել միայն այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել նախորդ դատավճիռը։
 

Յոլջուն համապատասխան թղթաբանությունից հետո ուղարկվել է Բահչեջիքի բանտ։

 

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։