Հունիսի 21-ին կորոշվի, թե ով է «Տարվա բժիշկ» անվանակարգի հաղթողը
Հայաստանում հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Այս տարի նույն օրը առաջին անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը կանցկացնի «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, բժիշկներին մրցանակներ կտրվեն 13 անվանակարգերում:
«Ընդհանրապես 14 անվանակարգ է նախատեսված, բայց պետք է նշենք, որ դրանցից մեկը որևէ մեկին չի տրվի, քանի որ, ներկայացված հայտերն ուսումնասիրելով, որոշվեց ոչ մեկին չտալ այդ անվանակարգի մրցանակը: Իսկ, թե որ անվանակարգի մասին է խոսքը, կիմանաք մրցանակաբաշխության օրը»,- ասաց նա:
Իսկ թե ինչ չափանիշներով է որոշվելու տարվա լավագույն բժիշկը, Սամվել Սողոմոնյանը նշեց, որ եղել են հստակ սահմանված չափորոշիչներ, ըստ որոնց ՝բժիշկը պետք է ունենա նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ, չունենա վարչական և կարգապահական տույժեր, հիվանդի կամ հիվանդի հարազատների կողմից ստացված բողոքներ:
«Պետք է ունենա ճանաչում ազգաբնակչության կողմից՝ գոնե այն տարածքում, որտեղ աշխատում է, պետք է ներգրավված լինի գիտամանկավարժական գործում, պետք է ունենա բժշկական մասնագիտական գործունեության ցուցանիշներ»,- ասաց նա:
Սամվել Սողոմոնյանն ընդգծեց, որ մրցույթի Ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը իրականացրել է «Տարվա ապրանք» ՍՊԸ-ն: «Բժիշկներին միայն տրվելու է արձանիկի տեսքով մրցանակը և հավաստագիր այն ստանալու մասին: Դրամական օժանդակություն չի լինելու»,- ասաց նա:
Այն հարցին, թե իրենք՝ բժիշկները, ինչպես են արձագանքել մրցանակաբաշխությանը, արդյոք դժգոհություններ չեն եղել, Սամվել Սողոմոնյանը վստահեցրեց, որ ոչ մի բժիշկ երբևէ չի դժգոհի նախարարության կողմից իրականացվող խրախուսական ծրագրերից:
«Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մի բժիշկ, որը տխրի այն բանից, որ նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ, որով պետք է խրախուսվեն արժանավոր բժիշկները: Սա Հայաստանը չէ, որ հորինել է: Հետխորհրդային բոլոր երկրներում կա այս մրցույթը»,- ասաց նա:










