Աշխարհում փախստականների թիվը հասել է վերջին 18 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին. ՄԱԿ

08:54 • 19.06.13

Լուսանկարում ՝սիրիացի փախստականները Լիբանանում

 

Աշխարհում հարկադիր տեղահանվածների թիվը 2012-ին հասել է մոտ 45,2 միլիոնի։ Սա վերջին 18 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR)՝ հունիսի 19-ին հրապարակված զեկույցը։

 

UNHCR-ի տվյալների համաձայն՝ այսօր փախստական է համարվում 15,4 մլն մարդ, 937.000 մարդ ապաստան է փնտրում, իսկ 28,8 մլն-ն էլ ներքին տեղահանվածներն են։ Միևնույն ժամանակ զեկույցում հաշվի չեն առնվել Սիրիայի բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել երկիրն ընթացիկ տարում։
 

Հիմնական պատճառը պատերազմն է. ինչպես նշվում է զեկույցում, իրենց տները լքածների 55 տոկոսն այն երկրներից են, որտեղ ռազմական գործողություններ են տարվում՝ Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սիրիա և Սուդան։

 

Փախստականների թվով առաջին տեղում, ինչպես և վերջին 32 տարում, Աֆղանստանն է։ Ըստ UNHCR-ի՝ աշխարհում մոտավորապես ամեն չորրորդ փախստականը ծնունդով Աֆղանստանից է։

 

Հենց զարգացող երկրներն են ընդունում փախստականների մեծ մասին՝ 81 տոկոս։ 2012-ի տվյալներով՝ առաջատարը Պակիստանն է՝ 1,6 մլն մարդ, երկրորդը Իրանը՝ 868.200, երրորդը՝ Գերմանիան (589.700)։ 

 

Զեկույցը հրապարակվել է Փախստականների միջազգային օրվա նախօրեին, որը նշվում է հունիսի 20-ին։