«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի միաձայն քվեարկությունը ազդակ է Ադրբեջանին. Սամվել Ֆարմանյան
ԱԺ-ում շարունակվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն։
Նախագծի համահեղինակ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկվա միաձայն քվեարկությունից հետո (99 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ) հայտարարեց . «Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ միաձայն ընդունումը երկու հետևության տեղիք է տալիս։ Առաջինն այն է, որ թեև այս դահլիճում առկա քաղաքական ուժերի հայացքների տարբերությանը, սուր առճակատումներին, ներքին անվտանգությանն ու ազգային շահերին վերաբերող հարցերի դեպքում դառնում են միասնական և միաձայն»։ Հանրապետական պատգամավորը շարունակեց, որ դա նաև ազդակ է Ադրբեջանին։
«0 դեմ և 0 ձեռնպահը ազդակ է Ադրբեջանի համար, որ անհրաժեշտության դեպքում, չնայած քաղաքական տարաձայնություններին, քաղաքական ուժերը միակամ են լինելու երկրի սահմանների պաշտպանության հարցում»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ գրավոր առաջարկություններ են եղել, որոնք ընդունվել են, օրինակ՝ ԲՀԿ պատգամավոր էլինար Վարդանյանի՝ նախագծում առկա հակասությունը փոփոխության ենթարկելու առաջարկը։
Ընդունվել է նաև այն առաջարկությունը, ըստ որի՝ հարկ է օրենքով ամրագրել երկրապահ կամավորականի կարգավիճակը սահմանող ցանկի ժամկետը։ «Լրացվել է տրման կարգը և փաստաթղթերի ժամկետը»,- ասաց նա։
Հիմնական զեկուցողի ելույթից հետո նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության, որն ընդունվեց կրկին միաձայն՝ 87 կողմ, 0 դեմ 0 ձեռնպահ։
Հիշեցնենք, որ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի համահեղինակներ են Սամվել Ֆարմանյանը, գեներալներ՝ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը։










