Իտալիայի Սիենա քաղաքում մեկնարկել է Ցեղասպանագետների Միջազգային Ընկերակցության հերթական գիտաժողովը
Այսօր Իտալիայի Սիենա քաղաքում բացվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 10-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 300 հայտնի ցեղասպանագետներ:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանից։
Վերջինիս տեղեկացմամբ՝ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են շուրջ երկու հարյուր զեկույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Հոլոքոստին, Ռուանդայի և մյուս ցեղասպանություններին. Այս միջոցառմանը ելույթներով հանդես են գալու նաև ներկայացուցիչներ Հայաստանից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) չորս գիտաշխատողներ՝ Հայկ Դեմոյանը, Սուրեն Մանուկյանը, Ասյա Դարբինյանը և Գևորգ Վարդանյանը:
Նշենք, որ 2015 թվականին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հերթական տարեկան գիտաժողովը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անց է կացվելու Երևանում՝ ՀՑԹԻ հովանու ներքո:










