Դ. Բաբայանը ԼՂՀ արտգործնախարարի ասածը համարում է թյուրիմացություն, իսկ Արցախի ՀՅԴ-ականները մտահոգված են
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի՝ ֆրանսիական France 24 հեռուստակայանին տված հարցազրույցում հնչեցրած պատասխանը, որից բխում է, թե Արցախի՝ վերստին Ադրբեջանի մաս կազմելու կապակցությամբ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր», Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Պաշտոնական Ստեփանակերտը, ի դեմս ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի, գտնում է, որ կատարվածը թյուրիմացություն է, և Կարեն Միրզոյանը, այնուամենայնիվ, նման հայտարարություն արել է՝ ցանկանալով պատասխանել այլ հարցի։
«Ինքը չէր կարող այդպիսի արտահայտություն անել: Դա անհնար է: Նույնիսկ խենթ մարդը էդպիսի բան չի կարող ասել: Երևի ժամանակի խնդիր կար և այլն… Կրկնում եմ՝ ինքը, եթե նման հայտարարություն աներ, ինքը չէր կարող ԼՂՀ արտգործնախարար լինել»,- Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ավելացրեց. «Ճանաչելով Կարեն Միրզոյանին, քաջատեղյակ լինելով նրա դիրքորոշմանը Արցախի հարցում, համոզված եմ, որ Կարենը չէր կարող ասել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»:
Հիշեցնենք, որ լրագրողի այն հարցին, թե նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, պատասխանել է, որ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր», ինչի վերաբերյալ ահազանգող հայտարարությամբ այսօր հանդես է եկել նաև Նախախորհրդարանը:
Դավիթ Բաբայանը գտնում է, որ թյուրիմացությունն այն է, որ Կարեն Միրզոյանը այդպես ասելով ցանկացել է պատասխանել ոչ թե ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու, այլ՝ հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին հարցին:
Նա նաև արձանագրեց, թե որն է այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Դավիթ Բաբայանից փորձեցինք տեղեկանալ՝ այնուամենայնիվ, դա իր սեփական եզրակացություն՞ն է, թե խոսել են Կարեն Միրզոյանի հետ, և նա պարզաբանումներ է ներկայացրել: Պարզվեց, որ չեն խոսել:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանն այսօր տարածված հայտարարության մեջ եզրակացրել էր, «որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ, և այդ դիրքորոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլևս պատրաստ են հանձնելու Արցախը»:
Նախախորհրդարանի համար հիմնավորվում էր հանդիսացել այն , որ ԼՂՀ արտգործնախարարը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի» և, բացի այդ, մինչ օրս այդ «թյուրիմացությունը» չի պարզաբանվել:
Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում սա ինչ է, էլի՞ պատահականություն, ԼՂՀ նախագահի խոսնակը նախ արձանագրեց, որ նման քաղաքական հասկացությունը Արցախի ու Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում չկա՝ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարումից սկսած: «Այսինքն՝ չի կարելի ասել՝ Քելբաջարը բուֆերային տարածք է, Շահումյանի շրջանը՝ բուֆերային տարածք է: Բայց կան բուֆերային տարածքներ ռազմական առումով, դրանք այն տարածքներն են, որտեղ կանգնած է զորքը ու դիմացը կանգնած է ադրբեջանականը: Այդ տարածքն, այո, դիտարկվում է բուֆերային գոտի»:
Tert.am-ի հետ զրույցում ԼՂ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ասաց, որ մտահոգություններ ունեն արտգործնախարարի ողջ հարցազրույցի հետ, ընդհանրապես, և հատկապես «բուֆերային գոտի» հասկացության հետ կապված:
Ամեն դեպքում, դեռ դաշնակցականները ուսումնասիրում են՝ թյուրիմացությո՞ւն է այն, աղավաղո՞ւմ, վրիպա՞կ, թե՞ այլ բան, ինչից հետո միայն գնահատական կտան:










