Դավութօղլուն Թուրքիային քննադատելու համար քննադատել է Եվրոպային

16:56 • 20.06.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է Եվրոպային՝ Թուրքիային քննադատող հայտարարությունների համար, տեղեկացնում է Haberturk-ը։

 

Թուրք արտգործնախարարին վիրավորել է հատկապես հայտարարությունն այն մասին, թե «Թուրքիայի հրապարակներում երկու Թուրքիա է կռվում»։

 

«Իմ պետության մասին ոչ մեկն այդպես արտահայտվել չի կարող։ Թուրքիայում միայն մի Թուրքիա կա»,-ասել է Դավութօղլուն։

 

Նա հարցրել է, թե Եվրոպայի ո՞ր խոշոր մայրաքաղաքում կամ մեգապոլիսում ցուցարարները կարող են 18 օր շարունակ փակ պահել քաղաքի հրապարակները։

 

«Հունիսի 1-ին՝ նույն օրը, Ֆրանկֆուրտում ցուցարարների դեմ թե՛ արցունքաբեր գազ է կիրառվել, թե՛ ջուր։ Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել և ժամերով հսկողության տակ են մնացել։ Դրա համար միայն մեկ պատճառաբանություն կար. ցուցարարների դեմքերը ծածկված էին։ Իսկ Թուրքիայում ցուցարարների դեմքերը բա՞ց էին»,-ասել է Դավութօղլուն։