Ըստ նախաքննության ցուցմունքի՝ Վարդան Սեդրակյանը ցանկացել է վախեցնել Միքայել Մինասյանին և Սաշիկ Սարգսյանին
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի ցուցմունքից հետո մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակելու վերջինիս նախաքննության ընթացքում տված բոլոր ինը ցուցմունքները, որոնցում, ըստ նրա՝ հակասություններ կան:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Երևանի Տպագրիչների փողոցում ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել:
Հիշեցնենք նաև, որ այսօր Խաչատուր Պողոսյանը իր ցուցմունքի ժամանակ նշել էր, որ Վարդան Սեդրակյանը գործի հետ կապ չունի և իր ընկեր Սամվելն է ասել, որ՝ «պետք է վախեցնենք Պարույր Հայրիկյանին, իսկ բռնվելու դեպքում Վարդան Սեդրակյանի անունը տանք»:
Մեղադրող դատախազը ներկայացրեց նախաքննության ընթացքում Խաչատուր Պողոսյանի ցուցմունքը, ըստ որի՝ դեռևս հունվարի սկզբին ինքն ու Սամվելը գնացել են Վարդան Սեդրակյանի գրասենյակ, որտեղ վերջինս օրաթերթերից մեկում ցույց տալով Պարույր Հայրիկյանի նկարը, ասել է, որ նրան պետք է վախեցնել:
Ըստ Խաչատուր Պողոսյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի՝ Վարդան Սեդրակյանը սկզբում ասել է, որ պետք է կամ այրել մեքենան, կամ ծեծել, կամ էլ զենքով վախեցնել: Ի վերջո, ընտրվել է վերջին տարբերակը: Ըստ նույն ցուցմունքի Վարդան Սեդրակյանն ասել է, որ դա արվում է ազգի համար:
Նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից մեկով էլ Խաչատուր Պողոսյանը պատմել է, որ մինչ Պարույր Հայրիկյանին վախեցնելու պատվեր տալը, Վարդան Սեդրակյանը ցանկացել է նաև վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային` Միքայել Մինասյանին և եղբորը` Սաշիկ Սարգսյանին:
Խաչատուր Պողոսյանը ցուցմունքում հայտնել է, թե՝ Վարդան Սեդրակյանն իրեն ասել է, որ՝ «բենզինով շիշ շպրտեն Միշիկի մեքենայի վրա, վառեն այն, բայց հանկարծ մեքենայի մեջ մարդ չլինի»: Սակայն ամբաստանյալը վախեցել է դա անել: Իսկ ինչ վերաբերում է Սաշիկ Սարգսյանին վախեցնելուն, ապա Վարդան Սեդրակյանը հետո հրաժարվել է այդ մտքից` ասելով, որ նրա թիկնապահներն ուժեղ կլինեն: Այնուհետև պատվիրել է վախեցնել Պարույր Հայրիկյանին:
Իսկ ցուցմունքներում առկա հակասությունն այն է, որ Խաչատուր Պողոսյանն այսօր ասաց, որ նախաքննության ժամանակ ինքը այնպիսի բաներ պետք է ասեր, որ Վարդան Սեդրակյանին «բերեր կապեր» այս գործին:
Խաչատուր Պողոսյանը դատական նիստի ընթացքում սկսեց իրեն վատ զգալ, ինչի համար էլ այն հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:










