Գլենդեյլում 28-ամյա հայը 33-ամյա տղամարդուն սպանել է վերջինիս միասեռական լինելու պատճառով

10:25 • 20.06.13

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում հայը մեղադրվում է սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեջ:

 

Ամերիկյան Glendalenewspress.com կայքը, վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի ծառայության տվյալները, հաղորդում է, որ Գլենդեյլի 28-ամյա  Խաչիկ Մասկովյանը սպանել է 33-ամյա Ջոշուա Վեսթին՝ վերջինիս ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով. Վեսթը միասեռական է եղել:


Դեպքի մանրամասները և հանգամանքներն ամբողջությամբ դեռևս չեն պարզվել: Հայտնի է միայն, որ սպանությունը կատարվել է 2013թ-ի ապրիլի 24-ին. Ջոշուայի մարմինը հայտնաբերվել է Լոս Անջելես քաղաքի Վան Նայսի շրջանի փողոցներից մեկում՝ հրազենային և բութ գործիքի հարվածից ստացած բազմաթիվ վնասվածքներով:


Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի ծառայության տվյալներով՝ Մասկովյանի և Ջոշուայի միջև փողոցում, դեռևս անհայտ պատճառներով, վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 28-ամյա հայը ծեծել է Ջոշուային, ապա նստեցրել է բեռնատար մի ավտոմեքենայի մեջ (իրեն չի պատկանել) և տարել անհայտ ուղղությամբ:

 

Րոպեներ անց, ականատեսների խոսքով, կրակոցներ են լսվել, որից հետո Մասկովյանը մեքենայի միջից ընթացքի ժամանակ դուրս է գցել Ջոշուային... Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել Գլենդեյլի բնակչի կյանքը: Երկու օր անց Մասկովյանը ձերբակալվել է՝ Ջոշուայի մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում:

 

Սպանվածի քույրն իրավապահներին պատմել է, որ Մասկովյանը եղել է Վեսթի 7 տարվա զուգընկերոջ ծանոթը: Հաղորդվում է նաև, որ սպանվածն աշխատում էր Սանտա Մոնիկա քաղաքի անշարժ գույքի գործակալություններից մեկում՝ որպես մենեջեր:

 

Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի խոսնակ Ջեյն Ռոբիսոնը հայտարարել է, որ, հաշվի առնելով սպանության ծանրացուցիչ հանգամանքները (առևանգել է զոհին, ապա  ընթացքի ժամանակ նետել ավտոմեքենայից), չի բացառվում, որ Մասկովյանը դատապարտվի մահապատժի:

 

Փաստի առիթով հետաքննությունը շարունակվում է: