Իրանում արգելվել է հրապարակային մահապատիժը

15:52 • 20.06.13

Իրանում այլևս հրապարակային մահապատիժներ տեղի չեն ունենա։ Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Ղազվին նահանգի դատախազ Ջաման Անսարին։

 

Նրա խոսքով՝ ավելի վաղ Իրանում մահապատիժները հանրային վայրերում էին իրականացվում միայն հատուկ իրադրություններում, նկարահանվում էին և տարածվում լրատվամիջոցներով։

 

Սակայն դատական համակարգն արգելում է հրապարակային մահապատիժները։


Վերջին ամսվա ընթացքում Թեհրանում մահապատժի է ենթարկվել 20 մարդ, որոնք մեղադրվել են թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև մարդու առևտուր իրականացնելու համար։ Համաձայն առկա տեղեկությունների՝ 2011թ.-ի հոկտեմբերից մինչև 2012թ.-ի հոկտեմբեր Իրանում 488 մարդ է մահապատժի ենթարկվել։ Նրանց մեծ մասը մեղադրվել են թմրանյութերի մաքսանենգության, իսկ 13%-ը՝ բռնաբարության համար։

 

Միջազգային իրավապաշտպան կազմակեպություններն Իրանից պահանջում են չեղյալ համարել մահապատիժը։ Մարդու իրավունքների պաշտպանները համոզված են, որ իրականում մահապատիժների թիվը շատ ավելին է։