ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առևտրի առարկա լինել. ԼՂՀ արտգործնախարար

19:05 • 20.06.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, «Մեդիամաքս» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առևտրի առարկա լինել, և որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ԼՂՀ կարգավիճակը որոշել է դեռ 1991-ին։

 

«ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ 1991թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ և օրինական կամարտահայտման միջոցով: Դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առևտրի առարկա լինել, և այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք:


Սրանից ելնելով, մենք գտնում ենք, որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա:


Հենց այս պատճառով մենք գտնում ենք, որ Ադրբեջանի կողմից ներկա իրողությունների արագ ճանաչումը և ԼՂՀ վերադարձը բանակցությունների սեղանին թույլ կտան առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում»,– ասել է ԼՂՀ արտգործնախարարը:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարեն Միրզոյանը ֆրանսիական France 24 հեռուստակայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է համարում Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ, ասել էր, թե «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր», ինչը ԼՂՀ–ում և Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:
«Մեդիամաքսի» հարցին, թե Ադրբեջանը մշտապես բարձրացնում է այսպես կոչված «օկուպացված» տարածքների հարցը, ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը, Կարեն Միրզոյանը պատասխանել է՝ ասելով, որ եթե խոսքը Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին է, ապա «դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են կազմում, և տվյալ փաստն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:


«Պետք չէ մոռանալ նաև ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից և մինչև օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:
Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պատմական արդարության վերականգման և ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի ապահովման համատեքստում»,– ասել է նա:


Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ արտգործնախարարը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել էր «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»։ Հենց սա էլ Նախախորհրդարանի համար հիմք էր հանդիսացել այսօր տարածած հայտարարությունում անելու եզրակացություն, «որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ, և այդ դիրքորոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլևս պատրաստ են հանձնելու Արցախը»:


ԼՂՀ արտգործնախարարի հայտարարության մասին Tert.am–ին այսօր՝ ավելի վաղ, մեկնաբանություն էր տվել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, ով ասել էր, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, և որ Կարեն Միրզոյանը, այնուամենայնիվ, նման հայտարարություն արել է՝ ցանկանալով պատասխանել այլ հարցի։



«Ինքը չէր կարող այդպիսի արտահայտություն անել: Դա անհնար է: Նույնիսկ խենթ մարդը էդպիսի բան չի կարող ասել: Երևի ժամանակի խնդիր կար և այլն… Կրկնում եմ՝ ինքը, եթե նման հայտարարություն աներ, ինքը չէր կարող ԼՂՀ արտգործնախարար լինել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթ Բաբայանն և ավելացրել. «Ճանաչելով Կարեն Միրզոյանին, քաջատեղյակ լինելով նրա դիրքորոշմանը Արցախի հարցում, համոզված եմ, որ Կարենը չէր կարող ասել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»: