Սոչիում ոստիկանները խոշտանգել են հայ բանվորին

21:59 • 20.06.13

Սոչիի օլիմպիական շինարարությունում աշխատող բանվոր Մարտիրոս Դեմիրճյանը ծեծի ու դաժան խոշտանգման է ենթարկվել տեղի ոստիկանների կողմից, ահազանգում է sochi-24.ru-ն՝ վկայակոչելով Դեմիրճյանի հայտարարությունը ոստիկանությանը:


Ըստ աղբյուրի՝ Ադլերի շրջանում շինարարության վարպետ Սամվել Փաշայանը հրաժարվել է Դեմիրճյանին ու նրա աներորդի Սերգեյ Կրբաշյանին վճարել ամբողջական՝ 90 հազար ռուբլի աշխատավարձը՝ տալով ընդամենը 37 000 և սպառնալով բողոքելու դեպքում հարցերը լուծել իր ծանոթ ոստիկանների միջոցով:


Մյուս բանվորները վախեցել և հեռացել են, իսկ տեղի հայ Դեմիրճյանը չի ընկրկել: Ոստիկանները նրան տարել են բաժին և պահանջել դատարկ թուղթ ստորագրել: Հրաժարվելուց հետո 5 ոստիկան ծեծի են ենթարկել նրան և արժանապատվությունը վիրավորող խոշտանգումներ իրականացրել: Դրանից հետո նա ստորագրել է թուղթը: Սակայն կարողացել է ընտանիքին հայտնել կատարվածի մասին:


Ըստ Դեմիրճյանի՝ այնուհետև ոստիկանները սկսել են սպառնալ իր ընտանիքին:
Տուժածին բուժօգնություն չի ցուցաբերվել:


Ոստիկանների անգործության հարցով բողոքներ են ուղարկվել գլխավոր դատախազին, Ռուսաստանի քննչական հանձնաժողով, ՆԳՆ և այլ հաստատություններ: