Բրազիլիայում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 1 մլն մարդ. հաղորդվում է 1 զոհի մասին (լուսանկարներ)
Բրազիլիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են. հինգշաբթի դրանց մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ 1 մլն մարդ, որից 300 հազարը՝ Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է Reuters-ը։
Մնացած ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել երկրի այլ խոշոր քաղաքներում։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են գրանցվել, իսկ որոշ դեպքերում նրանց ցրելու համար ոստիկանները կիրառել են ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ։ Իսկ մայրաքաղաք Բրազիլիայում էլ ցուցարարները փորձել են գրոհել Արտաքին գործերի նախարարության շենքը, սակայն իրավապահները կանխել են դա։
Globo-ն իր հերթին հայտնում է 1 զոհի մասին։
Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը, հաշվի առնելով երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, հետաձգել է իր այցը Ճապոնիա։ Սա նշանակում է, որ իշխանությունները լրջորեն մտահոգված են ստեղծված իրավիճակով։
Զանգվածային բողոքի ցույցերը Բրազիլիայում շարունակվում են արդեն 2 շաբաթ։ Դրանց համար առիթ է հանդիսացել Սան Պաուլոյում հասարակական տրանսպորտի գնի թանկացումը, սակայն հետագայում բողոքավորների պահանջների սահմանը զգալի ընդլայնվել է։
Նրանք դժգոհում են երկրում ցածր կենսամակարդակից, կոռուպցիայից, ինչպես նաև Բրազիլիայում անցկացվելիք խոշոր միջազգային մարզական միջոցառումներից՝ պատճառաբանելով, որ դրանք չափազանց ծախսատար են, և այդ գումարներն ավելի նպատակահարմար կլիներ ծախսել սոցիալական կարիքների համար։















