ԱԱԾ-ն ձերբակալել է «Զվարթնոցում» «աշխատանքի տեղավորելու» դիմաց $3000 վերցնելու համար

16:13 • 21.06.13

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի <<Զվարթնոց>> օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:

Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: