Ճապոնացի նախարարը տուգանել է ինքն իրեն՝ իր ենթակայի թվիթների համար
Ճապոնական կառավարության անդամ Տակումի Նեմոտոն ինքնակամ տուգանել է իրեն մեկամսյա աշխատավարձի չափով՝ Twitter-ում իր ենթակայի արած կոպիտ գրառումների պատճառով, հայտնում է Лента-ն։
Մեղավոր պաշտոնյան պարբերաբար օգտագործել է միկրոբլոգը շրջանի բնակիչներին վիրավորելու համար, որոնք տուժել էին 2011-ին «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից։
Նեմոտոն, ով զբաղեցնում է երկրի վերակառուցման նախարարի և Ֆուկուսիմայում միջուկային վթարից հետո վերականգնման քաղաքականության համակարգման գծով պատասխանատու նախարարի պաշտոնները, տուգանել է ինքն իրեն՝ ի նշան վիրավորված քաղաքացիների առաջ զղջման։ Ինչ վերաբերվում է անձամբ սկանդալի մեղավորին, ապա նա մեկ ամսով հեռացվել է աշխատանքից և սպասում է մեկ այլ գերատեսչություն տեղափոխվելուն։ Նրա վերադասները ստացել են նախազգուշացումներ և տույժեր։
Սկանդալային թվիթների պատմությունը սկսվել է հունիսի 13-ին, այդ ժամանակ էլ հայտնի է դարձել մեղավորի ինքնությունը, պարզվում է՝ նա Հաղորդակցության և ներքին գործերի նախարարության խորհրդական Յասուհիդո Միձունոն է։ Իր անձնական միկրոբլոգում նա օգնություն խնդրող քաղաքացիներին անվանել է «հիմարներ», ինչպես նաև վատ է արտահայտվել տեղի իշխանությունների և խորհրդարանի պատգամավորների մասին։










