Լուրջ բախումներ են սկսվել Սիրիայի քրդերի և ընդդիմության միջև
Սիրիայի հյուսիսում զինված բախումներ են տեղի ունենում հակակառավարական ուժերի և քրդերի միջև, կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, մարտեր են ընթանում Թուրքիայի սահմանի մոտակայքում՝ Աֆրին շրջանում, որը հիմնականում քրդաբնակ է. թե՛ ընդդիմադիր, թե՛ կառավարական աղբյուրները հաստատում են տեղեկությունները։
Տասնյակ արաբներ և քրդեր «անհետ կորած» են համարվում։ Իրականում, տեղի լրատվամիջոցների տվյալներով, նրանք առևանգվել են և գերի են պահվում հակակառավարան ուժերի կողմից։
Տարածաշրջանի դիտորդները նշում են, որ Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունները փաստացի նոր ճակատ են բացել երկամյա քաղաքացիական հակամարտության մեջ։
Լարվածությունը Սիրիայի արաբների և քրդերի միջև առկա է եղել դարերով՝ հողային սեփականության պատճառով, սակայն կտրուկ սրվել է 2011թ.-ին։ Սկզբում քրդերը միացել էին խաղաղ ցուցարարներին, սակայն Սիրիայի ընդհանուր բնակչության 10%-ը կազմող քրդերի մեծամասնությունը չեզոք էր մնացել կառավարական ուժերի և ապստամբ սուննիների հակամարտությունում։
Քրդերը պատասխանատու պաշտոններ ունեն ընդդիմության շարքերում, սակայն Ազգային ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի մաս չեն կազմում, որն Արևմուտքի և արաբական երկրների մեծամասնության կողմից դիտարկվում է որպես միակ այլընտրանք Բաշար ալ-Ասադի իշխանությանը։
Վերջինս, ի դեպ, բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, ճիշտ քաղաքականություն է վարել քրդերի հանդեպ. Դամասկոսն իր զորքերին հանեց երկրի հյուսի-արևելյան շրջաններից, որտեղ բնակվում են քրդերը, նրանց դե ֆակտո ինքնավարություն տալով։ Այժմ քուրդ առաջնորդները վախենում են, որ Ասադի ռեժիմի անկումից հետո իրենց քաղաքական հաջողությունները կզրոյացվեն զինյալ ապստամբների կողմից։










