Twitter-ում Օբամային սպանելու կոչ արած ամերիկացուն ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ Ալաբամա նահանգում բնակչին դատարանը դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ Twitter սոցկայքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու կոչ անելու համար, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
Ինչպես նշվում է, 26-ամյա Ջարվիս Բրիտոնը լսումների ընթացքում ընդունել է իր մեղքը։
Համաձայն դատարանի որոշման՝ ազատ արձակվելուց հետո երեք տարվա ընթացքում նա գտնվելու է ոստիկանության հսկողության տակ։
Բրիտոնը թվիթ է արել 2012թ.-ի սեպտեմբերի 12-ին՝ գրելով. «Եկե՛ք սպանենք նախագահին»։
Նա նաև հիշատակել է F.E.A.R կազմակերպությանը՝ Forever Enduring Always Ready (Ընդմիշտ անմահ, միշտ պատրաստ»), որը պետական հեղաշրջում էր նախատեսում և որի անդամների դեմ, Twitter-ում գրառում անելուց առաջ, դատական գործընթաց էր սկսվել։
Բրիտոնը դարձել է Twitter-ի առաջին օգտատերը, որն ազատազրկման է դատապարտվել՝ Օբամային սպառնալու համար։










