«Նարեկ» ծերանոցը օգնության կարիք ունի. ծերանոցի հիմնադիրներ
Սեփական նախաձեռնությամբ 1999-ին բացված «Նարեկ» ծերանոցը, որը հետագայում տեղափոխվել է Աբովյան քաղաք, այսօր օգնության կարիք ունի։
«Սաթենիկ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, «Նարեկ» ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը և ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանն այսօր ասուլիս էին հրավիրել ոչ թե դժգոհելու, այլ ընդամենը տեղեկացնելու, որ նման ծերանոց կա, ուր այս պահին 36 տարեց մարդ է ապրում ու այժմ ֆինանսական խնդիրներ ունեն ու հովանավոր են փնտրում։
Շողիկ Միքայելյանը ներկայացնելով ծերանոցի հիմնադրման պատմությունը՝ նշեց, որ իրենց գոյատևման միջոցը ծերերի թոշակն է: «2003-ին Ծառուկյանի օգնությամբ ծերերին տեղափոխեցինք Աբովյանի հիվանդանոցի հին շենք, որը Ծառուկյանի շնորհիվ էլ վերանորոգվեց։ Այսօր արդեն որոշ դժվարություններ կան. թոշակները չեն բավարարում, սնունդը թանկ է, տանիքը կաթում է, կոյուղու խնդիր կա»,- ներկայացրեց տնօրենը, սակայն նշեց, որ ծերերի կյանքը հագեցած է։
«Հիմա արդեն ծերերն ապրում են անհոգ, հանգստի ժամերը հագեցած են, ամեն տեղ տանում ենք՝ համերգներ, օպերա, թատրոն, մեծ մասը փախստականներ են։ Հիմա հովանավորներ ենք փնտրում ուղղակի պայմանները լավացնելու և ընդարձակելու համար»,- ասաց նա։
Շողիկ Միքայելյանը հավելեց, որ նաև անկողնային հիվանդներ ունեն։ «Ունեմ 7 անկողնային հիվանդ, որոնց բոլորին էլ ես եմ խնամում, նրանից մեկը 14 տարի է պառկած է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին իրենք օգնականի կարիք ունեն։ Նա նշեց, որ ամբողջ ընտանիքով են լծվել այդ գործին, ինքը ծերերին և՛ լողացնում է, և՛ մաքրությամբ է զբաղվում, իսկ խոհանոցում հարսն է աշխատում։
Ֆրիդոն Միքայելյանը բացատրեց, թե ինչու որոշեցին ծերանոց բացել։ «99-ից, երբ բացեցինք ծերանոցը, մենք ուղղակի հասկացանք, որ չենք կարող անտարբեր անցնել երկրում առաջացած դժվարությունների կողքով, որոշեցինք, որ մեր ծերերը տանելի պայմաններում ապրեն։ Դիմել եմ մի շարք կազմակերպությունների, նաև՝ միջազգային, «Ամքոր» կազմակերպությունը ամենաշատն օգնեց, մեզ հողեր են տվել, մեղուներ, պանիր, կաթի խնդիր չունենք։ Շատ դեպքում ամաչում ենք օգնության համար դիմել, ասում են՝ եթե չեք կարող, մի արեք։ Բայց ամեն մարդ մի շնորհ ունի, մենք էլ կարծում ենք, որ մեր շնորհն օգնելն է։ Ես Մանկավարժական ինստիտուտում եմ դասավանդել, հոգեբանության պրոֆեսոր եմ, ի վերջո հասկացա, որ իմ տեղն այստեղ է։ Ասում են ի՞նչ շահ ունեք, մեր շահը հոգու հանգստությունն է։ Նույն ձևով իմ երեխաներին եմ դաստիարակել, ընտանիքով լծված ենք այս գործին։ Մեզ միայն մի փոքր ֆինանսական օգնություն է պետք»,- ասաց նա։
Ամուսինները նկատեցին, որ եթե գտնվի բարեգործական մի կազմակերպություն, որն ամիսը 300-400 հազար փոխանցի, իրենց կբավականացնի։
«Մեր խնդիրները լուծում ենք հիմնականում թոշակներից ու ֆինանսները մուտքավճարներից, ով գալիս է, 50 000 մուտքավճար է անում, դա կոմունալներին է գնում, բայց ձմռանն ավելի դժվար է։ Բացի այդ, քանի որ ծերերը մեզ մոտ են մնում նրանց նպաստ չեն տալիս, ասում են, որ կառավարությունը որոշում է ընդունել, որ ծերանոցների ծերերը նպաստ չստանան։ Հաշմանդամության կարգ ունեն, բայց չեն ստանում, եթե նպաստ տան, մեզ կբավականացնի»,- ասաց նա։
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել 0222 2 38 66 հեռախոսահամորվ։










