Ընդդիմությունն ավելի շահագրգռված է ԲՀԿ-ի քաղաքական կապիտալից օգտվել. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամփոփում են ԱԺ աշխատանքները
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական է գնահատում այս նստաշրջանում խորհրդարանի աշխատանքները, չնայած որ իշխող մեծամասնությունը ստիպված էր շատ դեպքերում սեփական ուժերի վրա հույսը դնել և ներկայացված նախագծերն անցկացնել առանց ընդդիմության և այլընտրանքի՝ ԲՀԿ-ի աջակցության։
«Ես դա դրական եմ գնահատում, որ ընդդիմությունն այդպես է գործում, որովհետև դա, եթե ինքնանպատակ չէ, և եթե յուրաքանչյուր օրենքի նկատմամբ իր վերաբերմունքը ցույց է տալիս որպես քննադատ, սա ավելի է ակտիվացնում օրենսդրական աշխատանքը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը։
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ընդդիմությունն այս նստաշրջանում ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական աշխատանքով, այլ քաղաքական մեկնաբանություններով։ «Բայց միևնույն ժամանակ ընդդիմությունն ավելի շատ առաջնորդվում է քաղաքական մեկնություններով, քան օրենսդրական աշխատանքով»,- ասաց նա։ Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա Գալուստ Սահակյանը նկատում է, որ ԱԺ-ում այլընտրանք հանդիսացող այս քաղաքական ուժն իր ռազմավարությունն ունի։
«Որը նաև շաբաթներ առաջ պարոն Ծառուկյանը ներկայացրեց հասարակությանը, ես որևէ միտում չեմ տեսնում, որ քաղաքական ուժ կա, որը ոչ կողմնակալ վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ, ոչ էլ ընդհանուր ընդդիմության ճամբարի վերաբերյալ»,- ասաց նա՝ շեշտելով, որ ընդդիմությունը շատ է ուզում վերջիններիս քաղաքական կապիտալից օգտվել։
«Առավել ևս այս վերջին շրջանում ընդդիմության գործիչներն ավելի շահագրգռված են ինչ անեն, որպեսզի Բարգավաճի քաղաքական կապիտալից օգտվեն, համենայն դեպս, ԲՀԿ-ն կայուն է պահում իրեն՝ իր խոսքին համապատասխան»,- եզրափակեց նա։
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ գարնանային նստաշրջանն անցավ հարափոփոխ իրավիճակներով:
«Ընդդիմությունը փորձեց լիարժեք օգտագործել կանոնակարգ օրենքով իրեն տրված լիազորությունները: Հիմնական խնդիրը բյուջեի հաշվետվությունն էր, նաև կառավարության ներկայացրած ծրագիրը, որոնց վերաբերյալ մենք՝ որպես ընդդիմություն, հայտնել ենք մեր մտահոգությունները և գնահատականները: Կառավարությունը հետևություններ չի արել։Կառավարությունը չի փոխվում, չնայած այն բանի, որ արտահայտվում են հստակ մտահոգություններ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ»,- ասաց նա։
ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենք իրենց գործունեությունն իրականացրել են ՀՅԴ-ի հռչակած յոթ կետի հիման վրա։ «Որոնք տարբեր ուղղություններով ենթադրում էին կողմնորոշել, ուղղորդել խմբակցության գործունեությունը: Դրա հետ կապված կատարվել են օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ օրենքներում, դրանց մի զգալի մասը ընդունվել է, ոչ պակաս մասն էլ մերժվել է: Ընդունվածներից ես կարևորում եմ այն, որ մեր սահմանամերձ գոտիները ամրացնելու համար, որոշվեց արտոնություններ տրամադրել սահմանամերձ գոտիների դիմորդներին»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանն այս ամենից հետևություն է անում, որ ճգնաժամը համակարգային է, և եթե լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չունենան, ուրեմն լուրջ ակնկալիքներ ունենալ չեն կարող:
«Մենք մեր գործունեությունը կշարունակենք ոչ թե քննադատելու, այլ առաջարկություններ անելու տրամաբանությամբ: Մենք առաջարկներ նաև ներկայացրինք Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ՝ մեխանիզմների ամրագրման առումով և հույս ներշնչվեց, որ առաջարկներն ընդունվում են, մասնավորապես, որ զսպման և հակակշռման մեխանիզմներն ամրապնդվեն Վերահսկիչ պալատի համակարգում»,- ասաց նա։
«Ընդդիմությունն առաջնորդվում է քաղաքական մեկնություններով, քան օրենսդրական աշխատանքով»,- ասաց Գ. Սահակյանը, իսկ Ռուստամյանը նկատեց. «Ընդդիմությունը փորձեց լիարժեք օգտագործել իրեն տրված լիազորությունները»։










