ԱՄՆ-ն կաջակցի Սիրիայի ընդդիմությանը՝ ուժերի հավասարակշռությունը փոխելու համար. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Սիրիայի բարեկամների խմբի» հավաքի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմության կողմնակիցները կմեծացնեն սիրիացի ապստամբներին ռազմական և այլ օգնության տրամադրումը, որպեսզի փոխեն հակամարտող ուժերի հավասարակշռությունը։
«Միացյալ նահանգները և այլ պետություններ, որոնք ներկա են այստեղ, յուրաքանչյուրը կընտրի իր մոտեցումը՝ մեծացնելու ռազմական և քաղաքական ընդդիմությանը տրամադրվող օգնությունը»,- հայտարարել է Քերին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում խնդրի «ռազմական լուծում», սակայն կարծում է, որ ապստամբներն աջակցության կարիք ունեն։
«Սիրիայի բարեկամների» հավաքի մասնակից երկրներից Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Իտալիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների օրակարգային հիմնական հարցը եղել է Սիրիայի ազատ բանակին զինելու ծրագիրը։
Ավելի վաղ Դոհայում Կատարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ասադի դեմ կռվող զինյալներին զենք տրամադրելը միակ ճանապարհն է երկրում հակամարտությունը դադարեցնելու համար։










