ԵԽԽՎ այս նստաշրջանում անդրադարձ կլինի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգում ի թիվս այլ նախագծերի ներառված է նաև «Կոռուպցիան որպես օրենքի գերակայության հիմնական խոչընդոտ» զեկույցը, որի շրջանակներում անդրադարձ կլինի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության», այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Որտեղ մի մեծ հատված նվիրված է խորհրդարանական կոռուպցիային և որի կոնտեքստում հեղինակը՝ էստոնացի պատգամավորը, հատկացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող «խավիարային դիվանագիտությանը»»,- նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Հիշեցնենք, որ մայիսի 16–ին Հայաստանը ստանձնեց ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում նախագահությունը: Այդ առիթով հունիսի 24-ին ելույթ կունենա ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ, այսուհանդերձ, կան մի քանի զեկույցներ, որոնց հետ կապված թե՛ ինքը և թե՛ պատվիրակության այլ անդամներ կբարձրացնեն մեր արտաքին քաղաքական օրակարգում գտնվող և Հայաստանին հետաքրքրող հարցեր:
Նստաշրջանի օրերին Ստրասբուրգ կմեկնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչի մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Հայաստանի կողմից ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում հաջորդ նախագահությունը կլինի 24 տարի անց:










