Ֆուտբոլասերը Մխիթարյանի հարցին հնչեղություն տալու համար օգտագործում է Արմեն Աշոտյանի Facebook–ի «պատը»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու դժվարությունների հետ կապված հարցին հնչեղություն տալու նպատակով Facebook-յան օգտատեր Սերժ Կանայանը օգտագործել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի պատը:
«Պարո՛ն Աշոտյան , Ձեր պատին եմ դնում, որովհետև հարցը հրատապ է, իսկ Ձեր պատը ընթերցվող ...»,- գրել է օգտատերը և Արմեն Աշոտյանի պատի վրա տեղադրել է՝ իր Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը:
Սերժ Կանայանը ՀՀ նախագահին ուղղված նամակում գրում է. «Միայն Դուք` ՀՀ նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ: Հանրությունը կարծում է , որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ»։
Սերժ Կանայանն այնուհետև հարց է տվել. «Մի՞թե արժե զոհ տալ հայրենասեր ֆուտբոլիստին` հանուն բիզնեսային նկրտումների ու դանայան տակառի պես անհագուրդ ախորժակի: Վերջապես արժանապատվության խնդիր է ու երկրի վարկանիշ»։










