Մեծ Բրիտանիան սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցում դեռ որոշում չի կայացրել

15:16 • 22.06.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ կռվող զինված խմբավորումներին զենք մատակարարելու հարցում Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս որոշում չի կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։

 

«Հարցը, թե արդյոք մենք պե՞տք է զենք տրամադրենք Սիրիային, դեռ քննարկվում է, և դեռևս ընդունված որոշում չկա»,-ասել է Հեյգը Դոհայում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքի ընթացքում։
 

Ավելի վաղ Հեյգը նշել էր, որ զենքի մատակարարումը կախված է բանակցությունների արդյունքից և այլ երկրների դիրքորոշումից։

 

ԵՄ երկրների արտգործնախարարները մայիսին չէին կարողացել համաձայնության գալ Սիրիայում զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու կամ վերացնելու կապակցությամբ։

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն այդ ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպական Միության երկրների միջև համաձայնության բացակայությունը հավասարազոր է էմբարգոն չեղյալ համարելուն։